«ТАСС» գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ամուսիններ են ձերբակալվել Լոս Անջելես-Մոսկվա չվերթի ուղևորուհուց 40 հազար դոլար հափշտակելու կասկածանքով: Հափշտակված գումարը թաքցրել են սպորտային կոշիկներում և բաճկոնների ներսի գրպաններում:
ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացի մի կին դիմել է «Շերեմետևո» օդանավակայանում գտնվող ՆԳՆ հերթապահության բաժին` խնդրելով օգնել իրեն գտնել պայուսակը, որում 40 000 դոլար է եղել:
Նա հայտնել է, որ պայուսակը թողել է Լոս Անջելես-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում, սակայն երբ ոստիկանությունը ստուգել է այն, ոչինչ չի հայտնաբերել: Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում կասկածի տակ է հայտնվել երևանցի ամուսնական մի զույգ, որը նստած էր տուժողի կողքին: Թռիչքի սպասարկող անձնակազմի անդամները նշել են, որ պայուսակի տիրոջ դուրս գալուց հետո նրա հարևանները որոշ ժամանակ մնացել են իրենց տեղերում:
«Շուտով կասկածյալները հայտնաբերվել և ձերբակալվել են և ուղեկցվել հերթապահ բաժանմունք՝ դեպի Հայաստան թռիչքի գրանցվելիս: Կինը դժվարությամբ էր տեղաշարժվում՝ վկայակոչելով առողջական վիճակը, սակայն պարզվել է, որ սպորտային կոշիկներում թաքցված են թղթադրամներ, որոնք էլ խանգարել են նրան նորմալ քայլել: Գումարի երկրորդ մասը հանվել է ամուսնու բաճկոնի ներսի գրպանից», – հայտնել է մամուլի ծառայությունը: