Search
Close this search box.

Սպանված զինվորի մորը տղայի նկարով նամակ են գրել. «Մամ ջան, ոնց ես», տակն էլ՝ «պաչիկ»

forrights.am-ը գրում է. 2018 թվականի մայիսի 4-ի գիշերը մարտական հենակետում մահացած 20-ամյա զինծառայող Արթուր Գասպարյանի մոր նկատմամբ անհայտ անձը դաժան արարք է թույլ տվել: Դրանից հետո կինը՝ Մարինե Գասպարյանը, կարծես, երկրորդ անգամ է վերապրել որդու մահը: Նա բացել է «Օդնոկլասնիկի» սոցցանցը և տեսել է, որ մեկը որդու նկարով էջ է բացել ու իրեն նամակ է գրել. «Բարև, մամ ջան, ո՞նց ես»: Տողերի տակ՝ համբույրի նշան:

Մայրը ցնցվել է և չի կարողացել նամակը կարդա մինչև վերջ: «Միայն մի երկու բառ կարողացա կարդալ՝ գնալու եմ տղուդ գերեզմանին… ու տգեղ սպառնալիք էր: Գոռացի, հեռախոսը ընկավ ձեռքիցս: Էդ ինչ կարգի են երեխուս ատել, երեխես էդ ի՞նչ ոսկոռ է եղել դրանց կոկորդին, որ երեխուս կյանքը կերան, պրծան ու էլի չեն հանգստանում: Նշանակում է, իրենց թիկունքին կա մեկը, որ իրենք վստահ են, որ չեն դատվելու ու նման արարք են անում», — ասում է վրդովված կինը:

Նա երկար չի կարողանում խոսել, առցունքները թափվում են:

Սպառնալիքները սպանվածի մայրը ստացել է 2019 թվականի մարտի 31-ին: Մարինե Գասպարյանը հայտնել է քննիչներին: Նրան պատասխանել են, որ էջն արդեն ջնջված է, և իրենք չեն կարող բացահայտել, թե ով է եղել այն բացողը:

«Սոցցանցի միջոցով փորձել են սպառնալիքներ տալ մորը: Հիմնավոր կասկած ունենք, որ սպառնացողը մարդասպանն է, — Forrights.am-ին ասում է տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Խանում Մկրտչյանը, — Քննիչն ասում է, որ բավականին ժամանակ է, հարցում է ուղարկել «Օդնոկլասնիկի» ցանցի գլխամաս ու մինչ օրս պաատասխան չի ստացել»:

Խանում Մկրտչյանը կարծում է, որ սպառնալիքները կապված են այն հանգամանքի հետ, որ Գասպարյանի մայրը՝ Մարինե Գասպարյանը, հաճախակի է զանգում գործով զբաղվող քննիչներին, հետաքրքրվում է որդու սպանության բացահայտման ընթացքով:

«Ես միանշանակ համոզված եմ, որ կատարվածը սպանություն է, որի կատարողը մինչև հիմա չի հանգստացել ու հիմա էլ ուզում է վախեցնի Արթուրի մորը», — ասում է Խանում Մկրտչյանը:

Ինչպես հայտնի է, շարքային Արթուր Գասպարյանը հրազենային մահացու վիրավորում էր ստացել բերանի խոռոչում` երկու կրակոցից առաջացած: Նախաքննական մարմինը հենց սկզբից գործը քննում էր ինքնասպանության հասցնելու հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով:

«Սա չի նշանակում, որ ինքնասպանությունը հաստատված վարկած է` ավելի շուտ 50/50 է», — ասել էին քննիչերը Գասպարյանի հարազատներին:

Օրեր անց, այն բանից հետո, երբ Գասպարյանի ծնողները ի թիվս այլ զոհվածների ծնողների, հանդիպեցին ՀՀ վարչապետին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մաս` Մարտական հերթապահության կանոնները խախտելու համար: ՔԿ-ն հաղորդեց, որ փաստեր կան շարքային Արթուր Գասպարյանին անպարկեշտ ձևով ստորացնելու վերաբերյալ:

Գործով համալիր փորձաքննությունը թերի էր կատարվել: Մահացածի հագուստի վրա պատռվածքներ կային, վնասվածքներ, սակայն հագուստի փորձաքննություն չէր արվել: Քննիչն արձանագրել էր, որ հենակետի 6 զինծառայողների մարմնի մասերից վերցված խծուծների վրա կրակոցներին արգասիքի հետքեր չեն հայտնաբերվել։ «Սակայն թվով 7 փորձագիտական եզրակացությունների համաձայն տվյալ հենակետի բոլոր զինվորների դեմքի և ձեռքերի վրա հայտաբերվել են պղնձի մետաղանման հետքեր, որոնք առաջանում են կրակոցից հետո: Սա նշանակում է, որ նրանք կրակոցի պահին դեպքի վայրում են եղել», — վստահեցնում է Խանում Մկրտչյանը:

Գործով ձերբակալված, կամ կալանավորված անձինք չկան: Զինվորների թվում, որոնց մասին նշում է փաստաբանը, դիրքի ավագ Բ.Ս.-ն և Ս. Դ-ն էին, որոնք, ըստ քննիչեների, դիտակետում հայտնաբերել են Արթուր Գասպարյանի դին: «Այսինքն, իրենք ականատես չեն, հետո են դին հայտնաբերել, բայց իրենց վրա բավականին մեծ քանակությամբ արգասիքներ են եղել»: Խանում Մկրտչյանը քննչական մարմնին 4 միջնորդություն է ներկայացրել մի շարք լրացուցիչ փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ, որոնք հիմնավոր են համարվել և բավարարվել են:

«Մեզ ասում են՝ հիմքեր չունենք ձերբակալելու: Ասեք, ում դիմենք, եթե դուք չեք կարողանում բացահայտել, մենք ում դիմենք: եթե իմ երեխու գործը չբացվեց, եթե էդ վեց հոգին, որոնք իմ երեխու կողքն են եղել, չդատվեցին, ես քննիչին դատի եմ տալու: Ընդամենը 6 հոգի են եղել: Միթե՞դուք էդ վեց հոգուց չեք կարողանում իմանալ,: Բա դուք էլ խի եք աշխատում: Իրենք ինձ դարձրեցին ատելությամբ ապրող մարդ: Ինձ հետաքրքիր չի, Նիկոլը կլինի, ով կլինի, Սահմանադրություն ա, ինչ ա, ինձ պետք է միայն, որ ինչ-որ մեկը կանգնի, ինձ պատասխան տա՝ խ՞ի իմ երեխուն սպանեցին», — ասում է Մարինե Գասպարյանը:

Please enter a valid URL