«Ժողովուրդ» օթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փետրվարի 17-ին տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՀՀ պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից Արցախ են մեկնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վաղը՝ փետրվարի 22-ին, Արցախ կմեկնի նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի մոտ բանակում վերջին օրերի մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ ուժային կառույցների այլ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանդիպման ժամանակ՝ իրավիճակը քննարկելուց հետո, Նիկոլ Փաշինյանը ներկաներին հորդորել է մեկնել Արցախ եւ հենց տեղում հանգամանքներին ծանոթանալ ու քննություն իրականացնել: Եվ այդ խորհրդակցությունից հետո Արցախ մեկնեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու զինվորական դատախազ Վահե Հարությունյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հայտնի դարձել՝ առաջիկայում ՊԲ-ում սպասվող պաշտոնանկությունների հետ կապված: Ինչպես հայտնի է, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանի հարցն արդեն որոշված է, եւ, մեր տեղեկություններով, պաշտոնական հրամանի բացակայությունը միայն տեխնիկական հարց է, եւ նախատեսված է այն հրապարակել Արցախում առաջիկա օրերին կայանալիք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նիստից հետո ազատումները չեն սահմանափակվելու միայն ՊԲ հրամանատարով, եւ առաջիկայում հրաժարականներ կտան նաեւ զորամասի հրամանատարները, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները, ինչպես նաեւ ուսումնական գծով այն պաշտոնյաները, որոնց գիտելիքները համապատասխան չեն:
Նման քննարկում եւ որոշում է կայացվել ՀՀ դատախազ Արթուր Դավթյանի եւ ՊԲ հրամանատարության հետ հանդիպումից հետո: Այսինքն՝ առաջիկայում ազատումների ալիքը կհասնի նաեւ ՊԲ:
Եվ հիմա Արցախում եւ Հայաստանում ներքին քննարկումներ են, թե է՛լ ովքեր կարող են ազատվել իրենց պաշտոններից. «թիրախում» է նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Հավելենք նաեւ, որ Ռազմական ոստիկանության պետի պարտականություններն այսօր ստանձնելու է ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը»: