Փետրվարի 25-ը՝ պատմական օր․«Սիամական զույգի» նստելու բացառիկ սիմվոլը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով փետրվարի 18-ի նիստը հետաձգվեվել էր Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դատական հաջորդ նիստը նշանակել էր փետրվարի 25-ին։
Նախօերի հայտնի դարձավ, որ Պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը ևս նշանակվել է փետրվարի 25-ին: Նիստը կկայանա Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ:
Ու փաստորեն, ըստ էության զուգադիպության արդյունքում, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, մեր պետության նախագահի պաշտոնները զբաղեցրած անձինք նույն օրը կնստեն մեղադրյալի աթոռին։ Փետրվարի 25-ը այսուհետ կլինի պատմական օր։
Ոմանք այն կարծիքին են, որ Հայաստանի համար ամոթալի է, երկու նախագահները այսօր մեղադրյալի կարգավիճակում են։ Չհամաձայնվելով ամոթալի որակմանը, այնուամենայնիվ կարձանագրեմ, որ երկու հանցագործ նախագահ ունենալը ցավալի իրողություն է ցանկացած պետության համար։
Էլ ավելի ցավալի է, երբ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանց ամբադտանյալի կարգավիճակի փաստով ի լուր աշխարհի իր մտահոգությունն է հայտնում թշնամի երկրի նախագահը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, իսկ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը ևս քաղաքական դրդապատճառներ ունի: Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր փետրվարի 5-ին Բաքվում` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ընթացքում:
«Հայաստանի նախկին նախագահը արդեն ավելի քան մեկ տարի է ինչ կալանքի տակ է: Նա ձերբակալվեց ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից հետո: Քննություն է իրականացվում նաև այն նախագահի հանդեպ, որը Հայաստանը ղեկավարում էր ընդամենը երկու տարի առաջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, և ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին նախագահի դեմ հարուցված այդ գործն արդեն իսկ փոխանցվել է դատարան: Այդ բոլոր գործողությունների պատճառն այն է, որ նախկին նախագահները քննադատության են ենթարկել գործող իշխանություններին», — դիմելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարին նշել էր Ալիևը:
Եթե փորձենք վերծանել Ալիևի խոսքերը և մատչելի կերպով մատուցել դրանք, կստացվի, որ Ադրբեջանի նախագահը մհահոգված է, որ թշնամի երկրի առաջնորդներն այլևս Քոչարյանն ու Սարգսյանը չեն, և որ նրանք դատաստանի են արժանանում հաղթանակած և գլուխը վեր պարզած ժողովրդի կողմից։
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «թեթև ձեռքով» Հայաստանը կորցրել է 20 տարի։ 20 տարի մեր ժողովուրդը դեգրադացվել է և գլորվել դեպի անդունդը։
Չցանկանալով կրկին վերհիշել քոչարյանասերժական ռեժիմի դառն ու արյունոտ տարիները, կարձանագրեմ միայն, որ փետրվարի 25-ը ժողովրդի տարած հաղթանակի սիմվոլներից մեկն է։ Սիմվոլ, որը պետք է հպարտության և հաղթական զգացողություններ առաջացնի տարիներ շարունակ պայքարած ժողովրդի մոտ։