Միլիարդատեր եւ բարերար Ջորջ Սորոսը կրկին քննադատության տարափ է տեղացել Facebook-ի եւ նրա ղեկավարության վրա։ Նոր ելույթի համար ձեւական առիթ է հանդիսացել Financial Times թերթում ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի սյունակը, որը նվիրված է սոցցանցերի կարգավորմանն ու քաղաքական գովազդի տեղադրման կանոններին, հայտնում է HighTech+-ը։
Սորոսի կարծիքով՝ Ցուկերբերգը գիտակցաբար մոլորության մեջ է գցում հանրությանը։ Նա փաստարկներ է բերում սոցցանցերի կառավարական կարգավորման օգտին, սակայն իրականում Facebook-ն առանց վերեւից որեւէ վերահսկողության կարող է հրաժարվել քաղաքական գովազդի հրապարակումից։ Սորոսը սոցցանցին կոչ է արել դա անել որքան հնարավոր է արագ։ Ընդ որում, նա կասկածում է, որ ընկերությունը կգնա այդ ճանապարհով, նշում է Business Insider-ը։
Բացի այդ, միլիարդատերը հայտարարել է, որ Մարկ Ցուկերբերգը, ինչպես նաեւ Facebook-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը, պետք է հեռանան իրենց պաշտոններից եւ զրկվեն ընկերության վերահսկողությունից։ Սորոսը ենթադրում է, որ նրանք մասնակից են դավադրության, որի նպատակն է ապահովել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելը։ Սակայն որեւէ ապացույց նա չի ներկայացնում։
Սորոսի հայտարարությունները արդեն մեկնաբանել է Facebook-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ ընկերությունում հարգում են իր տեսակետը հայտնելու միլիարդատիրոջ իրավունքը, այնուամենայնիվ, նա սխալվում է՝ ոչ մի դավադրություն չկա, Facebook-ը երբեք չի աջակցել քաղաքական գործիչներին, քանի որ դա հակասում է նրա արժեքներին։