«Արմավիր» ՔԿՀ-ում 39-ամյա կալանավոր Հարություն Բ.-ն ամորձիները մեխել է աթոռին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էդգար Թովմասյանը։
Պաշտպանի փոխանցմամբ՝ կալանավորն ունի էպիլիեպսիային նմանվող հիվանդություն և համապատասխան դեղորայք է ընդունում։
«Տվյալ դեպքում «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկները հրաժարվել են տրամադրել դեղորայքը, ինչի պատճառով սրվել էր հիվանդությունը։ Կոնկրետ ես, երբ այցելեցի, ցնցումների մեջ էր։ Հիվանդությունը կարող է հասցնել ուշագնացության»,- նշեց Թովմասյանը։
Պաշտպանի խոսքով՝ այցելության ժամանակ, երբ պահանջել է, որ բժիշկը գա և տեղում քննարկեն, լուծեն խնդիրը, բժիշկը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ գործադուլ են անում և չի կարող մտնել ՔԿՀ տվյալ սենյակ։
Թովմասյանն ասաց, որ Հարություն Բ.-ի հարազատները դիմելու են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։
Հարցին, թե արդյո՞ք նախկինում եղել են նմանատիպ ինքնավնասումների դեպքեր, պաշտպանն ասաց, որ նման ձևի ինքնավնասում առաջին անգամ է եղել, որովհետև պահանջները նախկինում ևս եղել են, բայց այս անգամ ընդհանրապես հրաժարվել են տրամադրել դեղորայքը։
«Խնդիրն այն է, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները նախկինում տրամադրել են նշված դեղերը և իմ պաշտպանյալը նույնիսկ պահել է օրինակները, տուփերը։ Մոտ 2000-ի քանակությամբ տուփ է մոտը։ Նշված հանգամանքից էլ է նա վրդովված՝ ասելով, որ, եթե այժմ պատճառաբանում են, որ իրեն չի հասնում այդ դեղորայքները և չեն տրամադրում, ինչպե՞ս է եղել, որ նախկինում տրամադրել են, իսկ հիմա հրաժարվում են։ Ենթադրվում է, որ դա ընդամենը ձևական բնույթ է կրում և արհեստականորեն զրկում են նրան դեղորայքը ստանալու իրավունքից»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ Հարություն Բ.-ն մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ սպանության փորձ կատարելու մեջ։ Գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ դատաքննության փուլում։ Պաշտպանի խոսքով՝ Հարություն Բ.-ն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում։