Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող զարգացումները, մտորելու և նույնիսկ անհանգստանալու տեղիք են տալիս։
Տարիուկես տևած նախաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճեց Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։
Փետրվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացավ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը։
Նախագահող դատավորը հայտնեց, որ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է:
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։
Եվ վերջապես, երեկ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի՝ Արմենչիկի պաշտպանի բողոքը. նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը վերացվել է։
Հատկանշական է, որ բոլոր երեք որոշումները ընդունվեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ին տեղի է ունենալու Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Հանրաքվե, որի միջոցով ժողովուրդը կարող է ձերբազատվել ապականված դատական համակարգի կնքահայր Հրայր Թովմասյանից և նախկին ռեժիմի սպասարկու ՍԴ մյուս դատավորներից։
Միամտություն կլինի ասել, որ վերջին զարգացումները կապ չունեն առաջիկա հանրաքվեի և մասնավորապես Թովմասյան Հրայրի հետ։
Քաջ գիտակցելով, որ շատ շուտով կորցնելու է դիրքը, ցայտնոտային քայլերով Թովմասյանն այնուամենայնիվ խիստ կարևոր քայլեր է կատարում ի շահ նախկինների։ Պետության համար կհամարձակվեմ ասել բախտորոշ ժամանակահատվածում միանգամայն ազատ գործելու հնարավորություն է տրվել Սերժ Սարգսյանի մերձավորներին, նրա «կաշիլյոկը» հանդիսացող Վաչոյին և Ֆլեշի Բարսեղին։
Ռոբերտ Քոչարյանի և մարտի 1-ի գործով մյուս ամբաստանյալների փաստաբանների դատական գործընթացը ամեն գնով տապալելու փորձրին զուգահեռ, ազատ տեղաշարժվելու իրավունք տրվեց առանցքային մեղադրյալներից մեկին՝ Արմեն Գևորգյանին։ Կարո՞ղ է արդյոք Քոչարյանի մտերիմ Արմենչիկը վաղը մեկնել ասենք Վիեննա՝ այտոսկրի պլաստիկ վիրահատության և չվերադառնալ։ Իհարկե կարող է։ Քչերն են կասկածում, որ հենց այդպես էլ լինելու է և նա ճողոպրելու է։
Այս պահին ավելի արժեքավոր նվեր, որը ստացան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դժվար է պատկերացնել։ Մտահոգիչ է թերևս այն, որ Թովմասյանը նախկիններին նվերներ է մատուցում ՀՀ իշխանությունների քթի տակ և մենք միայն արձանագրում ենք տեղի ունեցածը։
Արդյո՞ք կա վստահություն, որ մինչև ապրիլի 5-ը Թովմասյանի թեթև ձեռքով ազատ չի արձակվի ամբաստանյալ Քոչարյանը։ Ցավոք չկա։ Այդ դեպքում արդեն հասարակության լայն շերտեր սահմանադրական բարեփոխումներին այո ասելու փոխարեն, ոչ կասեն իրեն կողմից ձևավորված իշխանությունների բացթողումներին։