Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընթերցասեր հասարակությանը հորդորում է կարդալ համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչ Լև Տոլստոյի ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարությանը խոստովանեց, որ մի տարվա ընթացքում գրեթե չի ընթերցում գեղարվեստական գրքեր: «Հիմնականում տեխնիկական գրքեր եմ կարդում, որոնք վերաբերում են քաղաքաշինությանը: Դժվար թե դրանք հետաքրքրեն հանրության լայն շրջանակին: Գրականության երկրպագուներին խորհուրդ կտամ կարդալ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը»,-ընդգծեց Մարությանը:
Վեպը պատմում է ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի և սպա Վռոնսկու ողբերգական սիրո մասին։ Գրքում պատկերված են 19-րդ դարի երկրորդ կեսի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ազնվական միջավայրի առօրյան ու այնտեղ տիրող բարքերը։
Գրքի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Տոնը Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: