«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին սահմանվեց պատիժ: ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է նոր որոշում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարզպետ եղած ժամանակ Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ «Գրէդշին» ՍՊԸ-ի միջեւ կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի եւ չկատարված լինելու պայմաններում հաստատել եւ շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի հետեւանքով էական վնաս է հասցրել պետությանը»:
Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքներից` նա պետք է ազատազրկման դատապարտվեր 7 տարի ժամկետով, սակայն համաներմամբ ազատվել էր դատավճռով նշանակված պատժից: Իսկ, ահա, մեղադրող դատախազն այնքան էլ համամիտ չի եղել դատարանի որոշման հետ եւ գործը հոկտեմբերի 22-ին բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը եւ Աժ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբորը՝ Սարգիս Սահակյանին նշանակել է լրացուցիչ պատիժ՝ զրկելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից 1 տարի ժամկետով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։