«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա սեպտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ստուգումներ է իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատը մասնավորապես ուսումնասիրել է Երեւանում շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման առանձնահատկությունները, գնահատել է ծախսային եւ նպատակային արդյունավետության ապահովման հարցերը:
Արդյունքում արձանագրվել են խմբերի օպտիմալ բաշխվածության եւ ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ:
Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոսպիտալացման ենթակա պացիենտներին շտապ բուժօգնության հոսպիտալացման հերթապահությունների գրաֆիկում ընդգրկված մի շարք բուժկենտրոններ մերժել են ընդունել՝ ազատ մահճակալ չունենալու պատճառաբանությամբ: Եվ ամենակարեւորը՝ որոշ դեպքերում ավելի քան 3 բուժկենտրոնից մերժում ստանալուց հետո սուր շնչառական կամ սրտի անբավարարության ախտորոշմամբ հիվանդները ժամանակին չեն հոսպիտալացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ ՀՀ մարզերի բջջային ցանցից 1-03 ծառայության ստացված զանգերն ուղղորդվում են Երեւան, այնուհետեւ Երեւանից՝ մարզերի սպասարկող շտապ բուժօգնության միավոր: Հաշվեքննիչ պալատի բացահայտումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ:
«Այս խնդիրը առկա է, աշխատում ենք դրա լուծման ուղղությամբ: Հիմա նոր հրաման կա, ըստ որի՝ հիվանդները կարող են առանց հոսպիտալացվելու հիվանդանոցների անհետաձգելի բաժանմունքներում ստանալ օգնություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում