Search
Close this search box.

Հայկ Մարությանի ձևավորած թիմը մասնատվում է. հրաժարական՝ հրաժարականի հետևից

Երեւանի քաղաքապետարանի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Չնայած Երեւանի ավագանու ընտրություններից եւ Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնում նշանակվելուց հետո դեռ անցել է 1 տարի չորս ամիս ժամանակ, սակայն քաղաքապետի ձեւավորած երերուն թիմը տրոհվում է: Երեկ հրաժարական ներկայացրեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը:

Մինչ քաղաքապետը այս ընթացքում փորձում է իր թիմը ղեկավարել, քաղաքապետարանի վարչության պետեր նշանակել, իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ են գրում թե վարչական շրջանների ղեկավարները, թե քաղաքապետարանի աշխատակիցները:

Ավելին, այս պահի դրությամբ քաղաքապետարանում կա մոտ 9 վարչություն, որոնք պետեր չունեն, եւ դրանք ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ:

Սակայն այս ընթացքում ուշագրավ պաշտոնանկություններ եղան նաեւ վարչական շրջաններում: Առաջին հրաժարականներից մեկը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանինն էր: Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել դեռ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին, սակայն մինչ այդ էլ մի քանի անգամ նման ցանկություն էր հայտնել:

Հոկտեմբերի 24-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նա հրաժարականի իր տեքստում գրել էր. «Այս որոշումը կայացրել եմ, քանի որ ցանկանում եմ զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ։ Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին և երկրին»:

Ինչպես արդեն նշել էինք, երեկ էլ ազատման դիմում է ներկայացրել Գեւորգ Բաբայանը: Եվ նրա փոխարեն վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Թելման Թադեւոսյանը: Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ վերջինս նախկինում զբաղեցնում էր Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Ստացվում է՝ այս դեպքում կադրային փոխատեղում տեղի ունեցավ:

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի հեռանալով ամեն ինչ չի ավարտվում: Արդեն այսօր իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։ Այսինքն, եւս մեկ վարչություն քաղաքապետարանում մնում է առանց պետի:

Վարչության մյուս պետերն աշխատանքից ազատվել էին 2019 թվականին: Օրինակ, մայիսի 2-ին իր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Եվ այս հրաժարականների շքերթում հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ բոլոր դիմումներում առկա է «իր դիմումի համաձայն» ձևակերպումը: Գաղտնիք չէ, որ իշխանությունները եւ հատկապես քաղաքային իշխանությունը կադրային խնդիրներ ունեն, եւ իրար հաջորդող պաշտոնանկություններն ապացուցում են այդ հանգամանքը:
armlur.am

Please enter a valid URL