«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ փակուղային։ Դա ակնհայտ երեւաց Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ «խոսքային մենամարտի» արդյունքներից, որը տեղի ունեցավ Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի շրջանակներում։ Նրանց մասնակցությամբ բանավեճը վերածվեց փոխադարձ մեղադրանքների եւ հակառակ կողմի դիրքորոշումների ծաղրանքների։ Ամենից աննախանձելի դերում, թերեւս մոդերատորն էր»։
Ահա այս կերպ է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը սկսում նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ բանավեճի մասին իր հոդվածը։ «Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին հազվադեպ կարելի է տեսնել միասին նույն միջոցառմանը, առավել եւս՝ նույն հարթակին։ Ուստիեւ մոդերատորը, ով Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին տնօրեն Սելեստ Վոլանդերն էր, նախ եւ առաջ շնորհակալություն հայտնեց երկուսին էլ՝ բաց բանավեճի ձեւաչափին մասնակցության եւ նման ցավոտ թեման քննարկելու պատրաստակամության համար։ Ու երբ առաջինը խոսք վերցրեց Ադրբեջանի նախագահը, պարզ էր, որ ավելիին սպասելու կարիք չկար էլ»,- գրում է պարբերականը, հավելելով, որ Ադրբեջանի նախագահը կտրուկ էր․ նրա համար «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, որը միջազգայնորեն ճանաչված փաստ է»։
Պարբերականը նշում է, որ իր թեզը Իլհամ Ալիեւը հիմնավորում էր ընդարձակ պատմական էքսկուրսիայով եւ բազմաթիվ հղումներով առ միջազգային պայմանագրերը, ներառյալ նաեւ ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։ Ինչպես եւ սպասելի էր, ըստ պարբերականի, Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հարցը լրիվ այլ տեսանկյունից։ Նրա խոսքերից պարզ դարձավ, որ Բաքվի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ հիմնավորված չեն, քանի որ այն ներառվել է Ադրբեջանի կազմում ԽՍՀՄ ձեւավորման շրջանում, իսկ հետո առանձնացել է Ադրբեջանական ԽՍՀ-ից, ինչպես Ադրբեջանն է առանձնացել ԽՍՀՄ-ից։
Հայաստանի վարչապետը, հրպարակման համաձայն, ՄԱԿ ԱԽ բանաձեւրին անդրադառնալով շեշտեց, որ դրանցում խոսվում է նաեւ հրադադարի ռեժիմի հաստատման եւ այն պահպանելու մասին, որին չեն կարողանում հասնել։ Հոդվածում նշվում է, որ չնայած Վոլանդերը փորձում էր երկու կողմերին էլ արտահայտվելու հավասար հնարավորություն տալ, սակայն նրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ էր համարում հերքել դիմացինի հայտարարությունները եւ վերջին խոսք ասողը ինքը լինել։ Արդյունքում արդեն բանավիճող կողմերը սկսեցին մեղադրել մեկմեկու փաստերի խեղաթյուրման եւ փոխզիջումների գնալուն պատրաստ չլինելու, միջազգային իրավունքի խախտումների ու ագրեսիայի արդարացման մեջ։
Ուշագրավ է այն, որ հոդվածում շեշտվում է, որ «կողմերը խոսում էին անգլերեն եւ ակնհայտ էր, որ Ադրբեջանի նախագահը ավելի լավ էր տիրապետում անգլերենին, քան Հայաստանի վարչապետը»։Ներկայացնելով բանավեճի մյուս մանրամասները, «Կոմերսանտը» ամփոփում է, նշելով, որ Սելեստ Վոլանդերին այլ բան չէր մնում, քան եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել կողմերին մասնակցության համար։