Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԼՂ հիմնահարցի լուծման շրջանակում կատարած միկրոհեղափոխությունների մասին։
Փաշինյանը հայտնեց, որ միկրոհեղափոխություն է պետք, որ դրանք վերափոխվեն մինի հեղափոխությունների։
«2018–ի սեպտեմբերին ես հայտարարեցի, որ ԼՂ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ԼՂՀ–ի, ՀՀ–ի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ես միակ ղեկավարն էի թե՛ ՀՀ–ի համար, թե՛ Ադրբեջանի դեպքում, որ նման բան է ասել։ Բացի այդ, ես կոչ արեցի սոցմեդիաներն օգտագործել իրար լավ հասկանալու համար, այլ ոչ թե ատելության»,–ասաց վարչապետը։
Նա հայտնեց, որ դեմ չի լինի`եթե Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ, սակայն տարօրինակ փաստ կա` Ալիևը խուսափում է խոսել ԼՂ ներկայացուցիչների հետ։ Փաշինյանն իր զարմանքը հայտնեց` ասելով` ինչպես կարելի է լուծել ԼՂ հիմնահարցը, առանց նրա բնակիչների հետ խոսելու։
Փաշինյանը ևս մեկ անգամ հավելեց` Հայաստանը հավատարիմ է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացին, և այդ բանակցությունը պետք է կայանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ երբ առաջին անգամ Դուշանբեում հանդիպեց Ալիևի հետ, միասին մինի հեղափոխություն արեցին` սահմանին լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացավ։ Բացի այդ, նա հիշեցրեց Ալիևի հետ ուղիղ կապ ստեղծելու մասին։
«Այդ պարագայում Ալիևն ինձ հետ այդ քայլի համահեղինակ է»,–ասաց վարչապետը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը փետրվարի 13-ին ԳԴՀ է մեկնել աշխատանքային այցով։
Բեռլինում նա արդեն հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Վարչապետի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։