Search
Close this search box.

Սերժի Վաչոյի կողմից «Յանսի» նախկին հաշվապահից 40 մլն դրամ շորթելու գործը կարճվել է

«Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ կողմից նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հունվարի 22-ին կարճվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին ՔԿ-ն հայտնել էր, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսեւորումներ, որոնց հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։ Արդյունքում՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նկատի ունենալով, որ համալիրի փաստացի սեփականատիրոջ Ռուզաննա Բեգլարյանի եւ նրա ամուսնու՝ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում ՀՔԾ-ում։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՔԾ՝ պարզելու, թե շուրջ մեկ տարի տեւած նախաքննության արդյունքում հիմնավորվե՞լ են արդյոք հարկային չարաշահումների վերաբերյալ նախնական տեղեկությունները, որքա՞ն է կազմում պատճառված իրական վնասը, եթե այդպիսիք կա եւ ո՞ւմ են մեղադրանք առաջադրել։ Բացի այդ՝ խնդրել էինք հայտնել, թե արդյոք Վ.Ղազարյանին եւ նրա կնոջը այդ դրվագով մեղադրանք առաջադրվե՞լ է։

ՀՔԾ-ի պաշտոնական պատասխանից հետեւում էր, որ հարկային չարաշահումների համար ոչ Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), ոչ էլ նրա կնոջը մեղադրանք չէր առաջադրվել։ Ավելին՝ նախաքննական մարմինը պարզապես շրջանցել էր հարկային չարաշահումների թեման։

«Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար»,- նշված էր պատասխանում:

Մինչդեռ այդ հատկանիշներով քրեական գործի հարուցման մասին հայտարարվել էր դեռեւս հարկային չարաշահումների բացահայտումից ամիսներ առաջ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, երբ Վաչագան Ղազարյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։

Այդ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Վաչագան Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին հայտարարվել էր 2018 թվականի հունիսի 27-ին, իսկ կնոջը մեղադրանք էր առաջադրվել նույն տարվա օգոստոսի 3-ին։

Please enter a valid URL