Search
Close this search box.

Նախկին ռեժիմի «պատերազմն» ուժային կառույցներում

Հիբրիդային ականներ ՀՀ ոստիկանությունում․ Նախկին ռեժիմի «պատերազմն» ուժային կառույցներում

Վերջին շրջանում ՀՀ ոստիկանության գործողությունները հասարակության շրջանում ոչ միանշանակ գնահատականի են արժանանում։ Այո, համակարգն առողջացնելու ուղղությամբ քայլեր արվում են, բայց․․․։

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակից Սարգիս Դավթյանը հավաքել է Տավուշի մարզի՝ մասնավորապես Իջևանի ոստիկաններին, և հանդիպման ընթացքում հրապարակավ հայհոյել ու վիրավորել է ներկա ոստիկաններին՝ նրանց մեղադրելով Իջևանի անտառները հատողների հետևից ընկնելու և մյուս գործերն անտեսելու, աչքաթող անելու համար։ Տեղի ունեցածը մեծ դժգոհություն և վրդովմունք է առաջացրել ներկաների մոտ։

«Սարգիս Դավթյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, վերջերս համակարգից հեռացված Միհրան Դավթյանի որդին է։ Ի դեպ, չնայած որ Միհրան Դավթյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը իր նշանակման օրը հեռացրել է համակարգից, Դավթյանը շարունակում է գլուխ գովել, թե «իր դեմ խաղ չկա»։ Շարունակում է շրջել ոստիկանության գոլդ պետհամարանիշներով։ Աշխատանքից ազատվելուց հետո նա մի շրջան արտագաղթել էր ԱՄՆ, որտեղ բիզնեսներ ունի, սակայն ներկայումս Հայաստանում է և զբաղված է ոստիկանության ստվերային կառավարմամբ։ Այս միջադեպը լավագույնս հիմնավորում է, որ ոստիկանության բարեփոխումները անհրաժեշտություն են, մի բան էլ՝ ուշացած»,- գրում է թերթը։

Ի դեպ, անցյալ տարի Միհրան Դավթյանը ՀՀ նախկին Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով նշանակվել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում։Եվ սա այն դեպքում, երբ նրա լիազորությունները վաղուց պետք է դադարեցված լինեին, քանի որ նա անցնում է երկու տարբեր քրեական գործերով։ Նրան մեղադրանք է առաջադրված պաշտոնական դիրքի չարաշահման և ապօրինի հարստացման հոդվածներով։
Պետության համար առանցքային նշանակություն ունեցող ուժային կառույցում վերջին զարգացումները ավելի քան մտահոգիչ են։ Եթե հիմք ընդունենք «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունը, ապա կստացվի, որ պետության դեմ հիբրիդային պատերազմ մղող նախկին ռեժիմը, ՀՀ ոստիկանության հիմքում ունի հիբրիդային ական, որը ցանկացած պահի կարող է պայթել։ Ընդ որում ականը ներդրված է Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, որը գործառույթների առանցքում ոստիկանների գործողությունների վերահսկումն է։
Եթե հայացք նետենք ՀՀ ոստիկանության վերջին երկու տարվա աշխատանքներին, ապա կունենանք հիմնավոր կասկածներ, որ ուժային կառույցում հիբրիդային ականների քանակը համենայն դեպս քիչ չէ։

Ուժային կառույցների մասով նախկինները որդեգրել են ընդգծված դեստրուկտիվ մարտավարություն։ Այսինքն, փորձ է արվում ամեն գնով թուլացնել Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակության կառույցները, ինչը կհանգեցնի քաոսի։

ՀՀ լեգիտիմ իշխանությունների թույլ տված կոպիտ սխալների շարքում կարելի է դասել Թավշյա հեղափոխությունից հետո Արթուր Վանեցյանին և Վալերիյ Օսիպյանին ԱԱԾ պետի և ՀՀ ոստիկանապետի պաշտոնները վստահելը։ Թե ինչ պատկեր ունենք այսօր նրանց գործունեության արդյունքում տեսնում են բոլորը։ Եկել է ժամանակը ոչ թե ուժային կառույցներում բարեփոխումներ, այլ վիրահատական գործողություններ կատարելու։

Հապաղելու դեպքում պետությունը և ժողովուրդը կարող են կրել անդառնալի կորուստներ։

Դավիթ Ջալալյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL