Search
Close this search box.

Նախկին ղեկավարների հետ պարտադիր ժպիտի մեղմ դոզայով եք խոսել. Նիկոլ Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանին

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «Եթե դուք պետք է մի հատ էստեղ ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ մի հատ հարց կտա՞ս, գամ ելույթս սրբագրեմ, արդարանամ, իմաստը ո՞րն էր դրա: Մի բան էլ՝ կարո՞ղ ա ձեր ֆեյսբուքի հաշիվը գողացել են: Ասենք՝ էտ ի՞նչ բան է՝ խորհրդարանի նիստը տենց անլրջացնել ու տենց բաներ գրել»: Մարուքյանը նշեց, որ վարչապետի ելույթը հետևյալի մասին էր՝ սահմանադրական հանարաքվեի դեմ իրավական միջոց ձեռնարկող ուժը կհամարվի հակապետական: Այսինքն՝ այլակարծության տարրական հարգանք չկա, ասաց Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ ինքն ասել է հետևյալը՝ ովքեր ժողովրդի ազատ կամարտահայտման համար կստեղծեն խոչընդոտներ, նրանք հակապետակն ուժեր են:

«Ինձ միշտ թվացել է, որ մենք իրար հետ միշտ նույն դաշտում ենք եղել: Ես նայում եմ, թե դուք և ոչ միայն դուք կամ հենց անձամբ դուք հեղափոխությունից հետո ոնց եք խոսում: Եկեք մի հատ նայենք ձեր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ինքը նստած է եղել: Նայենք ձեր տոնը, բառապաշարը և համեմատենք հիմիկվա հետ: Այո, վայելեք այդ ազատությունը, որը հեղափոխությունը ձեզ բերել է, բայց գոնե ընդունեք դա: Դուք կարո՞ղ էիք Սերժ Սարգսյանի ներկայութայամբ այդպես խոսել, ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ բոլոր վարչապետների: Եկեք նայենք ձեր վիդեոները, Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ձեր խոսակցության տոնայնությունը, մյուսների ներկայությամբ: Ես հասկանում եմ՝ կարող ա էդ աթոռից ա, որ այդտեղ նստած եք, ձեր մոտ ոգեշնչում ա առաջանում»,- ասաց Փաշինյանը:

Մարուքյանը նաև հիշեցրեց, որ Վանաձորում աուդիտի շրջանակներում հարցաթերթիկում հարց են գրել, թե արդյոք հիմնարկում ԼՀԿ-ից մարդ աշխատո՞ւմ է: Նա դա քաղաքական հետապնդում է համարում: Փաշինյանն ասաց, որ թող Մարուքյանը տա հանձնարարողի անունը: «Ես անձամբ նրա հարցերը կլուծեմ: Բացառվում է, մտածում եք, որ մենք այսօր կարող ենք ձեր դեմ, Լուսավոր Հայաստանի դեմ որևէ մեկին հանձնարարություն տա՞նք: Ասում եմ՝ տվեք, գնանք բռնենք պատժենք, ապացույցը տվեք: Հիմա հայտարարել եք, որ ձեզ սպառնում են, ես հանձնարարել եմ ԱԱԾ տնօրենին էլ, ոստիկանության պետին էլ, որ զբաղվեն ու գտնեն: Ինչի՞ դուք մտածում եք, որ ես ձեզ պիտի սպառնա՞մ, պարոն Մարուքյան, ձեր ավտոն պիտի վառե՞մ, պիտի ձեր հետևից մարդ ուղարկե՞մ: Էտ լո՞ւրջ եք ասում: Այ ուղարկողների առաջ, չեմ ուզում կոպիտ բան ասեմ, շատ բարեհամբույր, պարտադիր ժպիտի մեղմ դոզայով եք խոսել: Ես դեմ չեմ, վայելեք այս ազատությունը, հարձակվեք մեզ վրա, մեզ անվանեք ամենա… նկատի ունեմ քաղաքական հարձակումը, մենք չենք էլ թողնի, չնայած ես գիտեմ, որ ուք չեք էլ հարձակվի, ես ձեզ գիտեմ»,- ասաց Փաշինյանը:

Ի պատասխան Էդմոն Մարուքյանն ասաց, որ 7 տարի տարի պատգամավոր աշխատելով՝ ԱԺ դահլիճում ընդամենը մեկ անգամ է տեսել Սերժ Սարգսյանին, երբ նրան վարչապետ էին ընտրում խորհրդարանում: «Երկու ելույթի հնարավորություն եմ ունեցել, իր աչքերի մեջ նայելով՝ ասել եմ էն, ինչ մտածում եմ իր մասին: Դրանից առաջ եղել ա վարչապետ Կարեն Կարապետյան, ասել եմ, ինչ մտածել եմ, դրանից առաջ եղել է Հովիկ Աբրահամյան, էլի եղել է նույնը: Ես զարմանում եմ՝ կարո՞ղ ա իշխանությունը հիշողության հետ կապված պրոբլեմներ ա առաջացնում, այդպիսի բաները ո՞նց կարող եք մոռանալ: Էտ որտե՞ղ էինք սփրթնած»,- հարցրեց Մարուքյանը:

«Դուք հղում եք անում հիշողությանը, ես Յութուբին, բացեք նայենք»,- արձագանքեց վարչապետը:

Please enter a valid URL