Այսօր վարչապետի հրամանով Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փոխնախարար։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ փոխնախարարներից մեկը՝ Գեւորգ Լոռեցյանը կոռուպցիոն մեղադրանքով գտնվում է կալանավայրում, մյուսին՝ Լուսինե Առաքելյանին անհասկանալի պատճառներով ազատեցին դեկտեմբերին, իսկ Արեւիկ Անափիոսյանն ազատվեց օրերս՝ իբրեւ թե ԱՄՆ սովորելու մեկնելու պատճառաբանությամբ։ Եւ ԿԳՄՍ-ում մնացին երեք փոխնախարար՝ Գրիշա Թամրազյանը, Արա Խզմալյանն ու Նարինե Թուխիկյանը, ինչը շատ քիչ է այս հսկա ոլորտի համար։
Այսօր նշանակված փոխնախարարը՝ Արթուր Մարտիրոսյանը, «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի տնօրենն էր։ Այս հիմնադրամը հիմնականում զբաղված է սահմանամերձ գյուղերի դպրոցներում բացակայող մասնագետներ՝ ուսուցիչ-կամավորներ ապահովելով։ Այն ամերիկյան ֆինանսավորմամբ եւ ՀՀ ԿԳՆ-ի հետ համագործակցող կառույց է։ Դրանից առաջ Մարտիրոսյանն աշխատել է «Վորդ վիժըն» կազմակերպությունում, որը եւս այսօր սերտ համագործակցում է իշխանությունների եւ մասնավորապես՝ Աննա Հակոբյանի հիմնադրամների հետ։
Բայց ուշագրավն այն է, որ «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը սերտ կապված է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի հետ, քանի որ հիմնադրամի հիմնադիրն ու տնօրենը Րաֆֆի Հովհաննիսյանի հարսն է՝ Լարիսա Հովհաննիսյանը՝ Կարին Հովհաննիսյանի կինը։