Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 1113-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Չինաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր 44.653 դեպք, 37.726 մարդ բուժում է ստանում, ծանր վիճակում է 8.204 քաղաքացի, ևս 4.740 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, 185․000 մարդ, ովքեր սերտ կապի մեջ են եղել հիվանդների հետ, գտնվում են հսկողության տակ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 44,653 մարդ վարակակիր է համարվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսոսը փետրվարի 11-ին հայտարարել է, որ COVID-19-ի (Corona Virus Disease, «կորոնավիրուսով առաջացած հիվանդություն») առաջին պատվաստանյութերը կարող են պատրաստ լինել 1․5 տարի հետո: Նա հավելել է, որ այսօր կան բազմաթիվ միջոցներ՝ կանխելու կորոնավիրուսը: