Search
Close this search box.

Պատգամավորի որդին ջարդե՞լ է ապարատը

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում նոյեմբերի 9-ին դեպք է տեղի ունեցել, որի մասին վարչապետի քաղաքի՝ Իջեւանի, ու Նոյեմբերյանի իրավապահները շշուկով են խոսում։ Պաշտոնական տեղեկություններ նույնպես չեն հաղորդում։

Ըստ շրջանառվող լուրերի, փետրվարի 9-ին համայնքի ավտոլվացման կետերից մեկում մի հարբած քաղաքացի կոտրել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետի ապարատը, հափշտակելով միջի գումարը։

Տեսախցիկները, որոնք տեղադրված են եղել ավտոլվացման կետում, ֆիքսել են երիտասարդի դեմքը եւ ավտոմեքենան, իսկ տեղի ոստիկանները ճանաչել են նրան։ Ըստ իրավապահների շրջանում տարածված լուրերի, կողոպտիչն ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի զավակն է եղել։
Այս մասին պատմում է ոստիկանության մոտ աղբյուրը եւ հայտնում, որ երիտասարդին կանչել են բաժին։

Նա վիրավորել է ոստիկաններին, վերջիններս էլ «պրինցիպի» են ընկել, թե, ուրեմն, կարձանագրենք դեպքը, քանի որ ունեցել են բավականաչափ ապացույցներ։ Սակայն նրանց վրա արդեն երկու օր է, ճնշում են գործադրում կարգազանց երիտասարդի բարեկամները։ Վահե Ղալումյանն իմքայլական պատգամավոր է, նրա եղբայրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատարն ու առաջիկա ընտրություններում իշխանական թեկնածուն։

Ի դեպ, մեր աղբյուրը նաեւ հայտնում է, որ դեպքի նախօրեին՝ շաբաթ օրը, Փաշինյանը մեկնել էր Իջեւան, քավորի դստեր նշանադրության արարողությանը մասնակցելու։ «Ամեն ինչ նորմալ, ակուրատնի է անցել»,- ասում է աղբյուրը։

Հասկանալի է, որ մեծ համարձակություն կպահանջվի իրավապահներից այս դեպքն արձանագրելու համար։ Մեր աղբյուրը պատմում է, որ մարզի իրավապահների մեջ կռիվ է գնում՝ գրանցել-չգրանցելու հարցի շուրջ։

Մենք փորձեցինք ճշտել ստացած տեղեկությունները, սակայն՝ անարդյունք։ Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանն ասաց, որ համայնքում 4-5 ավտոլվացման կետ կա՝ «Լվացիր ինքդ» ապարատով, սակայն կողոպուտի մասին ինքը տեղյակ չէ։
Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչությունից էլ հայտնեցին, որ Նոյեմբերյան համայնքում նման միջադեպ տեղի չի ունեցել։

Պատգամավոր Վահե Ղալումյանը «Հրապարակի» հարցին ի պատասխան ասաց, որ առաջին անգամ է լսում, որ իր որդին նման բան է արել։ «Ես նման բանից տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում»,- ասաց նա։ Բայց մենք բազմաթիվ նման դեպքեր գիտենք, երբ փաստը եռանդով հերքել են, ապա մի քանի օրից այն հաստատվել է, եւ անգամ տեսանյութ ու իրեղեն ապացույցներ են ի հայտ եկել։
hraparak.am

Please enter a valid URL