Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հայտարարությունը դատարանում

Մարտիմեկյան գործի նյութերը ամբողջությամբ չեն տրամադրվում, որովհետեւ դրանցում կարող են լինել 10 սպանություններին առնչվող հանգամանքներ, որոնք քրգործը կտանեն բոլորովին այլ ուղղությամբ, քան այժմ, դատարանում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա պաշտպանական թիմն ուզում է, որ իրենց տրամադրվի քրգործն ամբողջությամբ, սակայն մեղադրող կողմը մերժում է այդ պահանջը:

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն անսպասելի է, եւ թերեւս փոքր ինչ էլ տարօրինակ: Երկրորդ նախագահը 2008 թվականի մարտի 1-ից հետո դեռեւս 40 օր շարունակել է լինել լայն լիազորությամբ օժտված նախագահ: Այդ կարգավիճակում նա չի՞ տիրապետել 10 սպանությունների հանգամանքներին առնչվող նյութերի, եւ եթե դրանք ի վիճակի են ներկայիս քրգործը տանել այլ տեղ՝ ինչը ենթադրում է այլ ուղղությամբ, քան Ռոբերտ Քոչարյանը, ապա արդյոք երկրորդ նախագահը չի կարող հանրայնացնել իր տնօրինած որեւէ տեղեկատվություն:

Արդյոք այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, մի կողմից օժտված լինելով լայն լիազորությամբ նախագահ, մյուս կողմից լինելով «կաղ բադիկ» մի համակարգում, որը օրենքի եւ սահմանադրականության վրա չէր հիմնված, այլ գրեթե քրեական բնույթի պայմանավորվածությունների, չէր մտածի իր ունեցած տեղեկատվությամբ հետագա հարցադրումներից պաշտպանվելու մասին:

Հազիվ թե բազմափորձ նախագահի մտքով չանցներ, որ եթե 40 օրվա ընթացքում սպանությունը չէր էլ բացահայտվելու, ապա գոնե պետք էր հնարավորինս շատ տեղեկատվա-փաստաթղթային պաշար կուտակել հետագա մեղադրանքներից ու շահարկումներից պաշտպանվելու համար:

Թեեւ հնարավոր է, որ սպանությունների առնչությամբ կարեւոր հանգամանքներ ի հայտ են եկել շատ ավելի ուշ, եթե իհարկե դիտարկենք երկրորդ նախագահի արած մեկ այլ հայտարարություն: Առաջին անգամ այդ մասին նա խոսել էր 2011 թվականին, երբ երկխոսություն էր հաստատվել Սերժ Սարգսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, եւ Ռոբերտ Քոչարյանն ուներ մտավախություն, որ կարող էր դառնալ դրա «զոհը»: Նա հայտարարեց, որ պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ սպանությունները եղել են այն հատվածներում, որտեղ իրավիճակը չէին կառավարում թե ընդդիմությունը, թե իշխանությունը:

Երկրորդ նախագահը հետագայում էլ, այդ թվում թավշյա հեղափոխությունից հետո՝ երբ արդեն մեղադրվում էր, ակնարկել է ինչ որ աներեւույթ «երրորդ ձեռքի» մասին: Դա պաշտպանական մարտավարությու՞ն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանն անկեղծորեն համոզված է, որ ինքն է պատասխան տալիս այդ ձեռքի փոխարեն: Կգա՞ ժամանակ, երբ երկրորդ նախագահը կխոսի այդ մասին ավելի բաց: Թվում է, որ դրա տեղն էլ դատարանն է, թեեւ առայժմ նրա մարտավարությունը կարծես թե դատավարության բովանդակային մասը հնարավորինս ձգելն է:

Please enter a valid URL