Search
Close this search box.

«Հայը խոնարհ է ու դանդալոշ իր Սասունցի Դավթի նման…»

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Իմ կարծիքով ՀԱՅ ՄԱՐԴՈՒ հավաքական կերպարը նկարագրելու ամենախիզախ փորձն արել է հայ գրող Դերենիկ Դեմիրճյանը: Տպավորություն է, որ այն գրվել է մեր օրերում. իսկ արդյոք որևէ բան փոխվե՞լ է. չի՛ փոխվել: Եվ լավ՛ է, և վա՛տ…

«…Դուք արդյոք ինչ-որ բան հասկանում ե՞ք հայից: Որքան տարօրինակ, հանելուկային արարած է հայը, և որքան խաբուսիկ երևույթ: Ինչ է ինքը, իր նկարագիրը. զուր աշխատանք: Փորձում գտնում ես նրա ինքնությունը, պարզվում է, որ դա էլ երևույթ է: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը` տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը` վիճակով ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:

Որքան անհույս է թվում ապագան, այնքան հայը չի հուսահատվում: Ասենք հայը իր կյաքում երկու բան բնավ չտեսավ. հայը մեկ բախտ չեսավ, մեկ էլ հուսահատություն: Դե հիմա ինչպես չափես, ինչպես ճանաչես հային. հայի չափը չափազանցն է: Վերցրու թեկուզ հայ առևտրականին` չարչուն: Արարածներից ամենագծուծը, ամենաագահը, կգռփի քեզ, կխափի, վերջին շապիկդ կհանի կտանի կկուտակի, կկուտակի` չի վայելի, հանրօգուտ գործի համար` ոչ մի գրոշ, բայց մեկել տեսար մի օր մեռավ և ամբողջ հարստությունը կտակեց ազգին: Դե գնա հասկացիր, թե ինչ մարդ էր:

Դուք երբևիցե տեսել եք տաժանակիր աշխատանք կատարող հայի: Մեջքին մի սար բեռ, ճկում է, մեջքը կոտրում. դու չես կարող հասկանալ նա աշխատանք է կատարում, թե ինքնախորտակում: Ում դեմ է այդպես չարացել, որ ինքն իրեն է պատժում: Բայց վերցրու նույն այդ տաժանակիր աշխատանք կատարող հային, տար տունդ ծառա. երբեք քեզ չի ծառայի, երբեք: Որովհետև նա իր գործի տերն է ուզում լինել, այլ ոչ թե սրա-նրա ծառան: Եվ արդեն հայ նշանակում է տեր:

Հայը ատում է ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ամբողջ երկիրը լցրել է եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում այնտեղ աղոթելու: Առօրյա աղոթք էլ հայը իր կյանքում չի անում: Բայց այս չաղոթող ցեղի` Նարեկացու շուրթերից էր որ թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված: Կրոնի պաճառով էր, որ ջարդվեց ու բնաջնջվեց, բայց երբեք, հայը երբեք չքարոզեց իր կրոնը ուրիշներին:

Այ մի բանում հայը շատ հոգածու է. գիտե՞ք որտեղ. դիվանագիտության մեջ անկեղծ լինելը: Այնքան անկեղծ ու միամիտ է, որ ուրիշների վրա անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում:

Նա բարի է. դու նրան շոյիր և անպայման կկողոպտես վիշապի պես: Հայը ինքն է քեզ բարեկամ, իսկ քո բարեկամությանը չի վստահում: Այնտեղ ուր մի այլ ցեղ ուրիշի սերն է վայելում, հայը հնար է գտնում ատելություն ստեղծելու:
Հայը խոնարհ է ու դանդալոշ իր Սասունցի Դավթի նման, բայց անսպասելիորեն ըմբոստ ու հարվածող նրա պես: Նա ոխակալ է ինչպես ուղտ, և եթե գժտվեց ինչ որ մեկի հետ` թշնամի է մինչև կյանքի վերջ: Դա նրա կենսական պահանջն է, անհրաժեշտությունը:

Հայը անկարգ է, անիշխանական, թե’ պետության, թե’ հասարակության, թե’ գաղափարների մեջ: Բայց որտեղ հեղափոխություն` այնտեղ առաջինը հայություն: Չնայած իբր հեղափոխական հայը ծայրահեղական է:

Կորուստներից ամենազարհուրելին հայը տեսավ, բայց հայն էր, որ չխրատվեց, հույսը միշտ օտարի վրա էր: Թուրքի մոտ էր սպասեց ռուսին, ռուսը եկավ, աչքը եվրոպացին էր, եվրոպացին գալիս է` դարձյալ ռուսին է սպասում, ռուսը գալիս է չի ընդունում: Դու չես կարող հասկանալ, ու՞զում է պետություն ստեղծել, թե՞ չի ուզում: Մի ձեռքով ճանկռելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքով հիմքից քանդում:

Ինչու՞ է այդպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում, ինչու՞ է մեկուսանում, առանձնանում, որպեսզի նյութի՞, դավի՞, վնասի՞… ո’չ, հազար անգամ ո’չ:

Ուզում եք իմանալ հայի ամենամեծ առաքինությունը. ամենաներողամիտ ցեղն այս աշխարհում: Ո՞վ էր ամենից շատ ջանում արդարացնել իրեն ջարդողներին. հայը: Ջարդի’ր ինձ, ասում էր, ահա քո պատիժը և իմ վրեժը:
Ինձ թվում է, հայի սրտի խորքում շատ խորը թաքնված վիրավորանք կա: Դարերից եկած վիրավորանք, հազարամյակների վիրավորանք, արծվի վիրավորանք է, որին ցած են բերել բարձր լեռներից, գցել ցեխի, կեղտի մեջ ու թևերը կոտրել… (ոչինչ չեմ ուզում ձեզնից. ձեզ լինի ձեր երջանկությունը, ձեր ուրախությունը). եթե սիրում եք կյանքը` ապա ես սիրում եմ կյանքից առավել թանկ մի բան. դարերով կորցրած իմ ազատությունը:
Արդյոք ինչ որ բան, հասկացա՞ք հայից… Երևու’յթ…»

Դերենիկ Դեմիրճյան»:

Please enter a valid URL