Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Չեմ էլ պատկերացնում՝ ինչպես ինձ հաջողվեց փրկվել». Ձյան սողանքից փրկված զինծառայողը մանրամասներ է պատմել ողբերգական դեպքից

Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների մահվան դեպքից հետո «Արմենպրես»-ը դիմել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ մարտական հերթապահության կազմակերպման գործընթացին ծանոթանալու և նկարահանումներ իրականացնելու համար:

Մեր տեսախցիկն արձանագրել է, թե ինչ բարդ բնակլիմայական պայմաններում են հերթապահություն կրում մեր զինծառայողները: Առատ տեղումներից հետո զորամասից դիրքեր նրանց ճանապարհն անցնում է ձյան՝ մինչև 8 մետր հասնող շերտի միջով: Ձնամաքրման աշխատանքները կատարվում են հատուկ ինժեներական տեխնիկայի միջոցով:

«Մարտական հերթապահությունից հետո վերադառնում էինք զորամաս, երբ ձնահյուս նկատեցինք, ամեն ինչ շատ արագ կատարվեց, չհասցրեցինք ոչինչ ձեռնարկել, չեմ էլ պատկերացնում՝ ինչպես ինձ հաջողվեց փրկվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ձյան սողանքից փրկված զինծառայողը՝ Համլետ Միրզոյանը:

Ծառայակից ընկերների կորուստից Համլետը դեռ ուշքի չի եկել, դժվարությամբ է բառերը շարադրում: Նրա հետ զրույցից միայն կարողացանք պարզել, որ իջնելիս են եղել սարի գագաթից:

Զարմանալի է այն քաջությունը, որ շնորհված է այս պայմաններում ծառայություն իրականացնող տղաներին: Միայն պատկերացնելը, թե ինչ դժվարությամբ են նրանք անցնում դեպի հենակետ տանող ճանապարհը, ինչպես են, կարելի է ասել, աշխարհից կտրված այդ վայրերում, լեռնային բարդ բնակլիմայական պայմաններում կրում մարտական հերթապահությունը, վստահություն է ներշնչում, որ Հայոց բանակն ու հայ զինծառայողն իսկապես անպարտելի են և անընկճելի:

ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:

Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

 

Please enter a valid URL