Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մահացած պայմանագրային զինծառայողներից 25–ամյա Տիգրան Արզումանյանը վերջին անգամ խոսել է մոր հետ, ասել է, որ դիրքերից արդեն իջնում են։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Տիգրան Արզումանյանի հորեղբայրը։
«Տիգրանը բնավորությամբ շատ հանգիստ էր, շատ ընկերասեր էր, աշխատասեր, էնքան էլ բարի էր՝ չափից դուրս։ Մեծ եղբայրն էլ՝ Աշոտը, պայմանագրային զինծառայող էր, իր ժամկետը լրացավ ու դուրս եկավ բանակից, բայց Տիգրանը դեռ չէր ավարտել»,- ասաց Տիգրանի հորեղբայրը։
Նա ասաց, որ Տիգրանը շուրջ 2 տարի էր բանակում, զուգահեռ նաեւ սովորում էր Կապանի քոլեջում։
«Վերջին անգամ հարազատները Տիգրանի հետ խոսել են հենց դեպքի օրը։ Դիրքերից իջնելիս է դեպքը տեղի ունեցել։ Զանգել է, մոր հետ է խոսել, ասել է՝ մամ ջան, վերջացրինք, արդեն իջնում ենք զորամաս, անցել է մի քանի ժամ, զանգեցին, ասեցին՝ Տիգրանը չկա»։
Նշենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել դիրքերից զորամաս գնալու ճանապարհին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) եւ կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:
Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթեւ վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Մեր ոտքերի տակ ձյան շերտը բացվեց, ընկանք մեջը. ձնահյուսից հրաշքով փրկված զինծառայողը պատմում է դեպքի մասին