Սյունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած զինվորների մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այդ հոդվածը երեքից վեց տարի ազատազրկում է նախատեսում պետի կամ պաշտոնատար անձի` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Գործի քննությունը վարում է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունը։
Հիշեցնենք` երեկ` փետրվարի 7-ին, ժամը 17:00-ի սահմանում Սյունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանը, Տիգրան Արմենի Արզումանյանը, Նվեր Տիգրանի Շահբազյանն ու Համլետ Գրենիկի Միրզոյանը մնացել էին ձնահյուսի տակ։
Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում նրանցից 3-ին մահացած էին հայտնաբերել, մեկին` շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին` մարմնական թեթև վնասվածքներով։