Չինաստանի տարածքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 722-ի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդել է Չինաստանի Հիգիենայի և առողջության պետական կոմիտեն: Վերջին տվյալներով՝ ապաքինվածների թիվը 2050 է:
Ընդհանուր առմամբ, կոմիտեի տվյալներով՝ Չինաստանի տարածքում հաստատվել է թոքաբորբի 31 հազար 774 դեպք, որից 6 հազար 100-ի դեպքում իրավիճակը ծանր է: Հիվանդներից 27 հազար 657-ի դեպքում կասկածվում է կորոնավիրուս:
Մեկ օր առաջ Չինաստանի իշխանությունները հայտնել էին 637 մահվան, 1540 ապաքինման և 31 հազար 211 ինֆեկցիայով վարակման դեպքի մասին:
Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերից Չինաստանի Վուհան քաղաքից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Ներկայում Չինաստանից բացի, հիվանդության դեպք գրանցվել է 24 երկրում, այդ թվում Ռուսաստանում: Հայաստանում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել, պատկան մարմինները շարունակում են խիստ հսկողությունը սահմանային կետերում: Հայաստանը ստացել է նաև կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: