Search
Close this search box.

Տխուր ցուցանիշներ․ Հայաստանի բնակչությունը պակասել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին տարիներին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազում է, նաեւ պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 959 հազար 200 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 965 հազար 300 էր: Այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 6100-ով է պակասել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացված մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում:

Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 2200-ով ավելացել է: Բացի մշտական բնակչության թվաքանակի նվազելուց, պակասել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2017 թվականին ծնվածների թիվը կազմել է 37700, ապա 2018-ին՝ 36574, 2019-ին՝ 36131: Այսինքն՝ ծնվածները 443-ով պակասել են: Մյուս կարեւոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվն է ավելացել, մեկ տարվա ընթացքում՝ 501-ով»:

Please enter a valid URL