«Հալելույա, առաջին անգամ Էդմոն Մարուքյանը քաղաքական ելույթ ունեցավ։ Վերջին 7–րդ գումարման նստաշրջանում նման ելույթ չեմ հիշում, շնորհավորում եմ պարոն Մարուքյան»։ Այսպես սկսեց իր ելույթը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ այսօր՝ փետրվարի 6–ին, սահմանադրական փոփոխությունների հարցով ԱԺ արտահերթ նիստում արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կոշտ ելույթին՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ուզում եմ հասկանալ, թե ուր էին այս ելույթները 6–րդ գումարման ԱԺ–ում, որովհետեւ այն ժամանակ այսպես խոսելը մի քիչ հարմար չէր ու «ինձ սպռնըմ եք» արտահայտությունով ձեզ սպառնացող չէիք կարում գտնեիք, հա՞, թե՞ մի քիչ վտանգավոր էր այս տոնով եւ այս հռետորաբանությամբ նախորդ ԱԺ–ի դահլիճում խոսելը։
Բա ինչի՞ նման ելույթ չկար պարոն Մարուքյան, այս ի՞նչ է եղել, հո բան չի՞ փոխվել, կարող է երկրում հեղափոխություն է եղել, նոր եք նկատել։ Ո՞վ է ձեզ սպառնում, կամ ո՞վ պետք է սպառնա, խոսքը գնում է ՀՀ ժողովրդի մասին, այդ դեմագոգիկ՝ այդ մի մարդու կողքին կգնամ, կկանգնեմ, բա խի՞ չեկաք ՀՀ հազարավոր մարդկանց կողքին կանգնեցիք, այդ ո՞վ էր այդ մի մարդը, կարո՞ղ է ազգանունը Ս–ով է սկսվում, անունն էլ է Ս–ով սկսվում»,– ասաց նա։