ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի իմ քայլական պատգամավորներ, «գովելի» է ձեր՝ իրավական խնդիրներ առաջացնելու և հետո դրանք լուծելու մեծ նվիրումը, սակայն փոխադարձ «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտում առաջարկում եմ անել թեթև մտավարժանք։
Մի պահ ամբողջովին մոռացեք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը։ (Ի դեպ, ընդդիմադիրներին ևս առաջարկում եմ սա մի կողմ դնել)
Մոռացա՞ք։ Հիմա բացեք ՀՀ Սահմանադրությունը և կարդացեք Սահմանադրության 168-րդ հոդվածը, որը նշում է՝
• Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը
Կարդացի՞ք։ Հիմա բացեք Սահմանադրության 202-րդ հոդվածը, որ նշում է՝
• Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն ԿԱՐՈՂ է դրվել հանրաքվեի:
Հիմա անցնենք մտավարժանքի երկորդ փուլին։ Փորձեք համադրել այս երկու հոդվածները։ Ի՞նչ ստացաք համադրության արդյունքում։ Այո՛, դուք ստացաք այն պատասխանը, որ կապ չունի, թե որ փուլում՝ առաջին ընթերցում, (առաջ թե հետո) երկրորդ ընթերցում (առաջ թե հետո), թե Արմեն Սարգսյանի ստորագրությունը դնելուց վայրկյաններ առաջ հանրաքվեի դրվող նախագիծը ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՍԴ գնահատականը։
Հիմա ո՞րն է Ձեր խնդիրը լեգիտիմ սահմանադրական փոփոխություններ ապահովելու համար։ Այո՛, պատասխանը միանշանակ է ապահովել ՍԴ-ի կողմից փոփոխությունների քննարկումը։
Կարող է մի պահ բարբառեք, թե չի կարող ՍԴ քննել հենց իր դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, սրա պատասխանն էլ կա, կարդացեք Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները՝ ի դեպ ամենևին ոչ Հայաստանի մասով (ցանկության դեպքում կարող եմ հուշել)։
Հ. Գ. Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ։ Սա Հայաստանի Հանարապետության միջազգային հեղինակության և իրավական անվտանգության հարց է»։