Search
Close this search box.

Շմայսի որդին կալանավորվեց

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նշենք, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանն ասել էր, որ Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ճանաչում։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Please enter a valid URL