Search
Close this search box.

Հայթաղում մահացած զինծառայողի համար բողոքի դուրս եկած գյուղացիներից մեկը սրտի կաթվածից մահացել է

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում մահացած զինծառայողի համար իրականացված բողոքի ակցիայի ժամանակ երեկ`փետրվարի 2-ին, սրտի կաթվածից 62-ամյա քաղաքացի է մահացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայթաղի բնակչուհի Ջուլիետա Ասատրյանը:

«Երեկ առավոտյան, երբ հավաքվում էին գյուղացիները, որ գնային ակցիայի, մեր համագյուղացին փողոցում վատացավ, ընկավ ու մինչեւ Շտապօգնության հասնելն արդեն մահացած էր: Ինքը շատ էր ծանր տանում Վահրամի մահը, ասում էր՝ «Էդ ջահել տղեն ոնց գնա գետնի տակ», սրտի հետ էլ խնդիրներ ուներ ու տենց եղավ: Իր տղան էլ, չնայած իմացավ ինչ է եղել, մեզ հետ եկավ բողոքի ակցիային, հորը թողած»,- պատմեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Հայթաղ գյուղի բնակիչները մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի դին դագաղով Երեւան էին բերում`պահանջելով բացահայտել եւ պատժել կատարվածի մեղավորներին: Նրանք չեն հավատում զինծառայողի ինքնասպանության պաշտոնական վարկածին, պնդում են, որ կատարվածը սպանություն է: Միայն Պնախարար Դավիթ Տոնոյանի հավաստիացումներից հետո վերադարձան գյուղ եւ հուղարկավորեցին զինծառայողին:

Please enter a valid URL