ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ «Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երեկ, երկու գործով, մեկը գաղտնալսման գործն է, որպես վկա է հարցաքննվել։ Այդ քրեական գործի շրջանակներում նաև զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը, մյուս գործը Ֆուտբոլի ֆեդերացիայում առերևույթ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործն է՝ որպես վկա է հարցաքննվել»,- ասել է ՔԿ մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը։
Արտաքուստ տեղեկատվությունն արտառոց չէ, սակայն երբ այն դիտարկում ենք վերջին շրջանի քաղաքական զարգացումների համատեքստում, տեղի ունեցածը կարող է դիտարկվել այլ տեսանկյունից։
ՀՖՖ-ի դրվագով շատ բան ասել չենք կարող, որովհետև նույնիսկ պարզ չէ, թե ֆեդերացիայի գործունեության որ փուլին է վերաբերում այս գործը, կամ ենթադրյալ հանցագործությունն ինչ առնչություն ունի Վանեցյանի հետ, մանավանդ որ նա հայկական ֆուտբոլը ղեկավարել է շուրջ մեկ տարի ու դժվար է հավատալ, որ այդ ընթացքում թաթախվել է կոռուպցիոն գործարքների մեջ։ Չնայած՝ որևէ բան բացառել չի կարելի, եթե հիշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Վանեցյանը հեղափոխության «Ռոբին Հուդ»-ներից մեկն էր ու անկարելի էր ենթադրել, որ այսօր՝ առնվազն քաղաքական հայտարարությունների մակարդակում, մեղադրվելու է պետական հեղաշրջման կամ, ինչպես վարչապետն է ասում, հիբրիդային հեղաշրջման փորձերի մեջ։
Հենց այս համատեքստում էլ առանձնակի կարևորություն է ստանում այսպես կոչված՝ գաղտնալսումների գործը, որի շրջանակներում երեկ նույնպես ԱԱԾ նախկին տնօրենը հարցաքննվել է։ Մի քանի օր առաջ էլ այս գործով, դարձյալ վկայի կարգավիճակով, հարցաքննվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գաղտնալսումների գործը, իհարկե, նոր չի ծնվել ու ամենևին այնպես չէ, որ այն հարուցվել է Վանեցյանին թիրախավորելու համար։ Ճիշտ հակառակը՝ երբ այս գործը հարուցվեց, քաղաքական, հանրային ընկալումներն այնպիսին էին, որ դրանում տուժողի կարգավիճակում են վարչապետը, ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը, որոնց հեռախոսազրույցները փաստորեն գաղտնալսվել են։ Քրեական գործի էությունը, իհարկե, չի փոխվել, Վանեցյանի դատավարական կարգավիճակը՝ նույնպես, սակայն արմատապես փոխվել է քաղաքական իրավիճակը։
Խնդիրն ամենևին այն չէ, որ Վանեցյանը կորցրել է իշխանավորի կարգավիճակը ու ավելին՝ ընդդիմադիր նկրտումներ ունի, այլ այն, որ նա հիմա՝ իշխանության ներկայացուցիչների ուղղակի կամ անուղղակի ակնարկների մակարդակում մեղադրվում է, որ իր պաշտոնավարման տարիներին աջակցել է հին համակարգի ռևանշիստական նկրտումներին, այլ խոսքով՝ նպաստել է հեղաշրջման փորձին։
Քաղաքական այս մեղադրանքները կարտացոլվե՞ն քրեական գործում, օրինակ՝ ՔԿ-ն կարո՞ղ է նոր իրողությունների կամ հանգամանքների համակցությամբ անակնկալ բացահայտումներ անել գաղտնալսումների գործով։ Եթե Վանեցյանը մեղադրվում է հեղաշրջման նկրտումներ ունենալու մեջ, ապրիորի կարելի է ենթադրել, որ նա, օրինակ, գաղտնալսումների ոչ թե զոհերից մեկն է, այլ կազմակերպիչը, դրանք հրապարակայնացնողը։ Սա, իհարկե, վարկած է, որը պնդել չենք կարող, բայց ենթադրում եմ, որ նախաքննության մարմինը ներկայումս ուսումնասիրելու է նաև այս ուղղությունը։ Ամեն դեպքում՝ Վանեցյանի հետ կապված ցանկացած թեկուզև իրավական գործընթաց ներկայումս կարող է ունենալ քաղաքական շրջադարձ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանության ամենաբարձր էշելոններից նա մեղադրվում է հեղափոխության թիմին, ըստ էության, դավաճանելու մեջ։ Շուտով կպարզվի՝ այդ մեղադրանքը քաղաքական հռետորաբանությա՞ն հետևանք է, թե՞ ունի նաև իրավական բաղադրիչ։
1in.am