Search
Close this search box.

Կորոնավիրուսի բռնկումը հայտարարվել է գլոբալ սպառնալիք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր տիպի կորոնավիրուսը որպես համաշխարհային սպառնալիք է հայտարարվել, քանի որ բռնկումը շարունակում է տարածվել Չինաստանի սահմաններից դուրս:

«Այս հայտարարության հիմնական պատճառը ոչ թե այն է, ինչ տեղի է ունենում Չինաստանում, այլ այն, ինչ վիրուսի պատճառով կատարվում է այլ երկրներում»,- BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսոսը:

Կազմակերպությունը նշել է, որ աշխարհը պետք է պատրաստ լինի նոր տիպի վիրուսի դեմ պայքարին: Գտել է՝ մտահոգիչ է այն փաստը, որ վիրուսը կարող է տարածվել ավելի ցածր առողջապահական համակարգ ունեցող երկրներում:

Համաճարակի էպիկենտրոնը չինական Ուհան քաղաքն է, բայց վարակն արդեն տարածվել է Չինաստանի բոլոր շրջաններում եւ հայտնաբերվել է 18 այլ երկրներում, այդ թվում՝ Թայլանդում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում:

Չինաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 7714 դեպք է գրանցվել, մահացել է 170 մարդ:

Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակման 98 դեպք է գրանցվել, մահվան դեպքեր չկան: Այդ բոլոր երկրներում վիրուսի դեպքերը մեծ մասամբ այն մարդկանց մոտ են, ովքեր եղել են Հուբեյ նահանգում, Ուհան քաղաքում:

Կա 8 դեպք՝ գրանցված Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում եւ Միացյալ Նահանգներում, երբ հիվանդները ոչ թե վիրուսով վարակվել են Չինաստանում, այլ Չինաստանից եկած մարդկանց հետ շփման արդյունքում:

Please enter a valid URL