Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում այսօր քննարկվել են մամուլի եւ լրագրողների ազատության ու անվտանգության խնդիրները։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ ատելության, թշնամանքի խոսքը այսօր լուրջ մարտահրավեր է Եվրոպայում եւ նաեւ Հայաստանում, ինչը օր առաջ կասեցնել է պետք։ «Ատելության խոսքը լուրջ մարտահրավեր է Եվրոպայի ժողովրդավարությանը եւ այն այլեւս լուրջ խնդիր է նաեւ իմ երկրում՝ Հայաստանում։ Ատելության, թշնամքի խոսքը հասարակության մեջ խիստ վտանգավոր անջրպետ է առաջացրել եւ այդ անջրպետը շարունակում է խորանալ։ Սոցիալական մեդիան վերածվել է պատերազմական առաջնագծի, որտեղ այլեւս գործի են դրվում ատելության եւ թշնամանքի՝ զանգվածային ոչնչացման բոլոր հնարավոր զենքերը։ Սա կասեցնել է պետք։ Կասեցնել է պետք օր առաջ»,- ասել է Զոհրաբյանը։
Հարգելի գործընկերներ, մամուլի ազատությանն ու լրագրողների անվտանգությանը վերաբերող ցանկացած քննարկում ինձ համար, որպես նախկին լրագրողի, հատուկ զգայունություն ունի։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ պետությունների ուղղակի պարտավորությունն է հաստատել իրավական ապահով միջավայր՝ լրագրողների և մեդիա գործիչների բնականոն գործունեությունն ապահովելու համար: Այդուհանդերձ, լրագրողի մասնագիտությունը շարունակում է մնալ ամենառիսկայիններից մեկը եւ Եվրոպայում, ու ընդհանրապես՝ աշխարհում, լրագրողները շարունակում են սպանվել, ենթարկվել հետապնդումների եւ հայտնվել բանտերում իրենց մասնագիտական գործունեության համար։ Կեղծ քրեական գործերով լրագրողների ազատազրկումը, խոշտանգումը, սպանությունը դարձել է Եվրոպայում անհանգստացնող թրենդ: Եվրոպայի Խորհրդի` լրագրության և լրագրողների անվտանգության Պլատֆորմի համաձայն`վերջին երեք տարում սպանվել է 26 լրագրող, իսկ 109 լրագրող այս պահին դեռ բանտում է:
Որպես ազատ խոսքի եւ լրագրողների հանդեպ ճնշումների, կեղծ քրեական գործերի առաջամարտիկներ զեկուցողը նշում է Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչը վաղուց արդեն դադարել է որեւէ մեկիս զարմացնել։ Թուրքիան, ազատազրկված լրագրողների քանակով Գինեսի ռեկորդակիր կարելի է համարել ու այդ երկիրը շարունակում է կեղծ քրեական մեղադրանքներով տարիներով լրագրողներին պահել անազատության մեջ՝ արգելափակելով հարյուրավոր լրատական միջոցներ։
Հարգելի գործընկերներ, ես անչափ կարեւոր եմ համարում, որ լորդ Ֆոլկեսը անդրադարձել է նաեւ սոցիալական մեդիայի միջոցով տարածվող ատելության, բռնության, թշնամանքի խոսքին: Հավատացեք, ատելության խոսքը լուրջ մարտահրավեր է Եվրոպայի ժողովրդավարությանը եւ այն այլեւս լուրջ խնդիր է նաեւ իմ երկրում՝ Հայաստանում։ Ատելության, թշնամքի խոսքը հասարակության մեջ խիստ վտանգավոր անջրպետ է առաջացրել եւ այդ անջրպետը շարունակում է խորանալ։ Սոցիալական մեդիան վերածվել է պատերազմական առաջնագծի, որտեղ այլեւս գործի են դրվում ատելության եւ թշնամանքի՝ զանգվածային ոչնչացման բոլոր հնարավոր զենքերը։ Սա կասեցնել է պետք։ Կասեցնել է պետք օր առաջ։ Ես Հայաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն եմ եւ վերջերս մեր հանձնաժողովում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը փորձելու է մշակել օրենսդրական նախաձեռնություն՝ ատելության, թշնամանքի կազմաքանդիչ խոսքը օրենքով սահմանափակելու համար։ Բայց այնպես, որ որեւէ կերպ չվնասենք խոսքի ազատությանը։ Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ դա մեզ կհաջողվի՞, թե՝ ոչ։ Սակայն, եթե հաջողվեց, ես այդ փորձը կփոխանցեմ մեր Վեհաժողովին։ Մեկ բան հստակ է՝ որեւէ երկիր իրավունք չունի խոսել ժողովրդարությունից եւ ունենալ ատելությամբ ու թշնամանքով պառակտված հասարակություն։