Սպառազինությունն ու այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար, ավելացված են, Եռաբլուրում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց ասեմ, որ այդ ավելացումները տասնյակ տոկոսներ են: Այսինքն՝ մեր կարողությունները բավական մեծացել են»,- «ասաց Դավիթ Տոնոյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե «Սու 30»-ի մյուս խմբաքանակը ե՞րբ կհասնի Հայաստան, նախարարը տեղեկացրեց, որ շուտով:
Նախարարը կարևորեց բանակում սննդի ապահովման նոր ձևաչափի ներմուծումը՝ նշելով, որ արդեն մոտ 40 տոկոսն անցում է կատարել նոր ձևաչափին: Լրագրողների այն հարցին, թե այս տարի արդյոք զինվորներին սնունդը 100 տոկոսով կապահովվի նոր ձևաչափով, նախարարը նշեց, որ դրա համար արվում է ամեն ինչ:
«Այս պահին փաստենք, որ սննդի ապահովման փորձնական ծրագիրը հաջողված է, կարող ենք ավելին ասել, որ մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված»,-ասաց նախարարը:
Դավիթ Տոնոյանն ընդգծեց՝ առաջիկայում հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նախարարը նշեց, որ այս պահին իրավիճակը կայուն է: