Կապանում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում սպասվող նախագահական ընտրությունների շուրջ ծավալվող քաղաքական զարգացումներին: «Հուսահատությունից ջախջախված՝ հույս ունեն Արցախի նախագահական ընտրություններում ժողովրդի կողմից մերժված մեկին դարձնեն Արցախի նախագահ, բայց էդ էլ չի ստացվելու, որովհետև ՀՀ ու Արցախի Հանրապետության ղեկավարների և կառավարությունների համար այս սցենարը պարզ ա: Ի՞նչ են ուզում ասել՝ ոչ հայանպաստ քաղաքականություն ա վարում կառավարությունն Արցախի հարցում և ահա, եթե Ղարաբաղում ընտրվի այնպիսի նախագահ, որը դեմ չի ՀՀ իշխանություններին, սպառնալիքներ ա ստեղծում Արցախի համար: Սկսել են թեզ շրջանառել, թե Սերժ Սարգսյանի ժառանգությունը, գյոզալ ժառանգությունն էս իշխանությունը կորցրեց: Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սարգսյանը Ղարաբաղի հարցում… Երբ ես դարձել էի ՀՀ վարչապետ, ինձ առաջարկվել է շարունակել էն կետից, ինչ կետում ընդհատել է Սերժ Սարգսյանը: Ասել եմ այն, ինչի մասին ասել եմ Ստեփանակերտում, և որի մասին արդեն գիտեք: Հիմա Արցախի ընտրությունների թեկնածուները պետք է ասեն՝ այս ժառանությունն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ»: