Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անցյալ տարի ամռանը, Արմավիրում բնակվող 13-ամյա աղջկա հղիության փաստը հանրային լայն քննարկումներ էր առաջ բերել։ Հրապարակվել էին աղջնակի անձնական տվյալները, թե որտեղ է ապրում ու նաև այն հանգամանաքը, որ նա ունի հաշմանդամություն՝ մտավոր զարգացման հետ խնդիրներ։ երեկ ՀՀ քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն, ըստ որի հրապարակվել էին անցյալ տարի ծննդաբերած 13-ամյա աղջկա հետ կապված մանրամասներ։ Ըստ հաղորդագրության՝ մեջբերում եմ․ «փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը»:
Նախ, ի՞նչ է նշանակում այս ձևակերպումը։
Խոսքը գնում է սեռական հարաբերության մասին, որը կատարվել է ակնհայտ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ, որը, ինչպես պարզվել է փորձաքննության արդյունքում, կատարել է հայրը։ Մենք պետք է ձևակերպումներում շատ զգույշ լինենք, ի՞նչ է նշանակում «․․․ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը», կարծես հայրության ճանաչման փորձաքննություն է։
Մյուս խնդիրը, որը մենք ունենք քրեական օրենսգրքում, դա ինցեստը (Սեռական կապը ամենամոտ հարազատների միջև` ծնողների և երեխաների, եղբայրների և քույրերի), որպես առանձին հանցատեսակ, կամ հանցագործությունը ծանրացնող հանգամանք չդիտարկելն է։
Դարձյալ կասեն, թե մեր երկրում նման խնդիր չկա, սակայն կհիշեցնեմ անցած տարի Սյունիքի գյուղերից մեկում տեղի ունեցած անչափահաս աղջկա հետ հոր սեռական հարաբերություն ունենալու դեպքը, որի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել։
Կմեջբերեմ նաև ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալները, որոնք փաստում են, որ 2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից»: