Օրերս «ՎիվաՍել» ընկերությունը բաժանորդներին հաղորդագրություն է ուղարկել հետևյալ բովանդակությամբ. «Հայոց բանակի օրվա առթիվ գնեք սմարթֆոններ մինչև 22 տոկոս զեղչով»:
Մինչդեռ բանակը «ՎիվաՍել» ընկերության հետ կապ ունի այնքանով, որ տարիներ շարունակ այդ ընկերությունը հարստացել է հենց այդ բանակի զինվորի ու նրա ծնողի հաշվին: Հիմա առավել անհասկանալի է՝ ինչ կապ ունի «ՎիվաՍել»-ի վաճառակետերում հայտնված չինական կամ այլ երկրի արտադրության սմաթֆոնը մեր բանակի հետ:
Այլ կլիներ մոտեցումը, եթե օրինակ` «ՎիվաՍել»-ը Բանակի օրվա առթիվ հաղորդագրություն ուղարկեր, որ հանում է ռոոմինգ ծառայությունը Արցախից, որտեղ սահմանապահ մեր զինվորները պաշտպանում են նաև Ռալֆ Յիրիկյանի բիզնեսի անխափան ծաղկումն ու բարգավաճումը:
Բայց ոչ, Յիրիկյանն այս հարցում անդրդվելի է, մի առիթով նա նույնիսկ ռոոմինգի ծառայությունից դժգոհողներին հարցադրումներ էր ուղղել.
«Եթե համարում ենք, որ Արցախն ու Հայաստանը մեկ են, այդ դեպքում ինչո՞ւ ունենք երկու նախագահ, երկու կառավարություն, երկու ԱԺ, երկու ոստիկանություն, երկու ԱԱԾ և այլն: Չէ՞ որ խոսքը երկու տարբեր համակարգերի մասին է: Ուրեմն ինչո՞ւ, երբ հարցը վերաբերվում է ռոումինգին, թիրախավորում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ը»:
Այդուհանդերձ, երկու նախագահ ունենալը դեռ չի նշանակում, որ սահմանը պահող զինվորի ու նրա ծնողի վրա կարող են հավելյալ փող աշխատել: «ՎիվաՍել» ընկերությանն այդ հարցով բազմիցս դիմել են հենց զիվորներն ու նրանց ծնողները:
Քառօրյա պատերազմի օրերին «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ում որդին ևս Արցախում էր ծառայում, անգամ հրապարակավ դիմեց Ռալֆ Յիրիկյանին. «Սահմանին կանգնած զինվորները այնտեղ են նաև ձեր բիզնեսի համար, ձեր շահույթ ստանալու համար։ Իսկ դուք դրած առանց այն էլ սոցիալապես անապահով այդ խավին «քամում» եք։ Հանեք այդ ռոմինգը Ղարաբաղից, զինվորների և նրանց ծնողների վրա փող մի աշխատեք»:
Մինչդեռ այսօր էլ ռոոմինգը կա, այսօր էլ, երբ կառավարությունը փորձում է բանակի ծախսերը հանել ծնողների ուսերից միևնույնն է, «ՎիվաՍել»-ը շարունակում է զինվորի ու նրա ընտանիքի հաշվին հարստանալ, դա քիչ է, բանակի անվան տակ էլ հայրենասիրություն բորբոքել՝ սմարթֆոնների վաճառքի ընդլայնման հաշվին:
ArmԼife.am