ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հայտնելով, որ մարզում որևէ պատահար տեղի չի ունեցել: Ավելի վաղ համացանցում տեղեկատվություն էր տարածվել, թե Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել, ինչպես նաև Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել:
Նշենք, որ նույն աղմուկը կար նաեւ Լոռու մարզում, քանի որ պայթյունի հուժկու ձայներ էին լսվել նաեւ մարզկենտրոն Վանաձորում, Գուգարք գյուղում ու հարակից բնակավայրերում:
«Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել»,- գրել է Չոբանյանը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը, որում ասվում է, որ Հայաստանում ռուսական ավիաբազայի «Էրեբունի» ռազմական ավիացիայի Ми-8МТВ ռազմական տրանսպորտային ուղղաթիռների երիտասարդ օդաչուներն օրվա ընթացքում կատարել են պարզ և բարդ հնարքներ` բարդ եղանակային պայմաններում:
Հայտարարությունում նշվում է, որ օդաչուների և թռիչքային տեխնիկայի մասնագետներից շուրջ 100 զինծառայող ներգրավվել է գործնական վարժանքներին, ներառվել է ցամաքային և ավիացիոն ռազմական տեխնիկայի շուրջ 30 ստորաբաժանում: