«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում աննախադեպ միջադեպ է արձանագրվել: Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ առաջին անգամ կրակել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին: Կատարվածը բացահայտել է դատավոր Գրիգորյանը և ոստիկանությունում հաղորդում ներկայացրել: Երբ ArmLur.am-ը դատավորից հետաքրքրվել էր` արդյոք անձնական, թե մասնագիտական վրեժխնդրության հետևանք կարող է լինել իր աշխատասենյակի ապակու ուղղությամբ կրակոցը, նա հայտնել էր, թե արձակուրդում է եղել, և չի կարծում, որ անձնավորված բան կարող է լինել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք կրակոցներն ուղղված են դատարանների, թե կոնկրետ դատավորի անկախության դեմ: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ տեղեկություններ չունեմ, թե ինչի համար են կրակել, կամ արդյոք կրակել են՝ իմանալով, որ դա Տաթևիկ Գրիգորյանի առանձնասենյակն է, թե ոչ: Տաթևիկ Գրիգորյանի վարույթում չկա որևէ քրեական գործ, որի շրջանակներում մտքներովս անցնի, որ, օրինակ, պատճառը հենց այդ քննվող քրեական գործն էր: Բայց դա բացարձակ չի նշանակում, որ դա չի կարող վերաբերել նախորդ գործերին. դա կարող է լինել ինչ-որ մի հարցով վրեժխնդրություն: Չենք հաստատում, բայց չենք էլ բացառում», – նշեց նա:
Հավելենք, որ կատարվածն անչափ մտահոգիչ է, քանի որ հանցագործների ձեռքերը սկսել են հասնել դատարաններին՝ մի ոլորտ, որը մեր երկրի երրորդ իշխանությունը լինելուց բացի նաև ժողովրդավարական կարևորագույն ինստիտուտներից մեկն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: